Ուկրաինան պատրաստվում է հարձակում իրականացնել Դոնբասի ուղղությամբ. պաշտոնյա
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ուկրաինացի ուժայինները Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի մահից հետո նախապատրաստվում են Դոնբասում հարձակում իրականացնելուն: Ինչպես փոխանցում է kommersant.ru-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Դոնեցկի օպերատիվ հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը:
Վերջինիս խոսքով՝ Կիևին ենթակա ուժերը հրետանի են տեղակայել Ռոզովկա բնակավայրի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Բացի այդ, Ուրզուֆա շրջան են ժամանել 56 մոտո-հետևակային և 406 հրետանային խմբեր:
Բասուրինը մասնավորեցրել է, որ Ուկրաինան կարող է հարձակում սկսել երկու շաբաթից: Նրա խոսքով՝ իրենց աղբյուրները հարձակման հնարավոր ամսաթիվ նշում են սեպտեմբերի 14-ը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Զախարչենկոն զոհվել է նախօրեին Դոնեցկի կենտրոնական ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:



