Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցում. Ն. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՊատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցում: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում գտնվող վրացի լրագրողներին տված հարցազրույցում պատասխանելով Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացման և տարածաշրջանում խաղաղության հասնելու մասին հնչեցված հարցին:
Ինչպես գրում է վրացական Առաջին ալիք ՀԸ կայքը, Փաշինյանը նշել է, որ շատ զգույշ պետք է լինել կոնֆլիկտների մասին խոսելիս:
«Պետք է զրուցել մեր տարածաշրջանում և ողջ աշխարհում կոնֆլիկտի ընդհանուր ընկալման մասին: Մեր դիրքորոշումն է, որ բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով:
Միևնույն ժամանակ, համարում եմ, որ բոլոր կոնֆլիկտները եզակի են: Միմյանց նման կոնֆլիկտներ չկան: Շատ զգայուն պետք է լինել կոնֆլիկտների մասին խոսելիս:
Մենք պատրաստ ենք դրան, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դեպքում և նույնպես պատրաստ ենք աջակցել ցանկացած այլ երկրի, կոնֆլիկտների կողմերին՝ բանակցություններ վարելու և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:



