Հայաստան ուղարկված փոստային առաքանիներում զենք-զինամթերք է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Past.am-ին տեղեկացրեցին, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից հուլիսի 25-ին ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Հ.-ի և Ա.Հ.-ի անուններով ԱՄՆ-ից՝ «Ամերիքան գլոբալ գրուպ» ՍՊԸ-ի միջոցով Հայաստան տեղափոխված փոստային առաքանիներում առկա է զինամթերք:
Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Կարգո» բեռնային համալիրում ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ իրականացված հսկողության արդյունքում, նշված փոստային առաքանիներում հայտնաբերվել է զենք-զինամթերք: Համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով սույն տեղեկատվությունը տրամադրվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ԱԱԾ-ին:



