ՄԱԿ-ի քարտուղարությունը գաղտնի հրահանգով արգելել է մասնակցել Սիրիայի տնտեսության վերականգնմանն ուղղված նախագծերին․ Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը գաղտնի հրահանգով արգելել է կազմակերպության կառույցներին մասնակցել Սիրիայի տնտեսության վերականգնմանն ուղղված նախագծերին, մինչև երկրում չիրականանա քաղաքական անցում, գրում է ТАСС գործակալությունը։
«Անկախ փախստականների թեմայից՝ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում հետաքրքրվեցինք, թե ինչպես են նրանք մտադիր իրականություն դարձնել Պալմիրայի վերականգնման համար իրենց պոտենցիալն օգտագործելու վաղեմի բանակցությունները։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տված բացատրությունից մենք հասկացանք, որ գոյություն ունի ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակից ուղղված հրահանգ»,- ասել է Լավրովը։
Ըստ նրա՝ ՄԱԿ-ի քարտուղարության քաղաքական դեպարտամենտն իսկապես դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին գաղտնի կերպով ամբողջ համակարգում տարածել է հրահանգ, որով արգելվում է մասնակցել Սիրիայի տնտեսության վերականգնմանն ուղղված որևէ նախագծի։
«Միայն հումանիտար օգնություն, ուրիշ ոչինչ», - պատմել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի ակնկալում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կկարողանա արդյունավետ որոշումներ կայացնել սիրիացի փախստականների հարցում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ապակառուցողական դիրքորոշումը։



