Գյուղնախարարությունը կիրականացնի գյուղատնտեսների համար բարենպաստ պայմաններ ապահովող ծրագրեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀաջորդ տարվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեությունը միտված է լինելու գյուղատնտեսների համար բարենպաստ պայմանների ապահովմանը:
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մասնավորապես, մեծ ուշադրություն է հատկացվելու բարձրորակ սերմերով ապահովմանը, բույսերի պաշտպանությանը, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, գյուղատնտեսության մեջ օգտագործվող հիմնական ռեսուրսների՝ հանքային պարարտանյութերի, դիզելային վառելիքի, վարկերի մատչելիությանը»,- ընդգծեց նախարարը:
Հետևողական աշխատանքներ կիրականացվեն բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում նպատակային ծրագրերի համաֆինանսավորման միջոցով ագրարային ոլորտում տարբեր տնտեսական թևերի զարգացման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ:
Նախարարը նշեց, որ ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտի կայունությունն ապահովող և զարգացմանը միտված մի շարք կարևոր ծրագրեր:



