Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊարարվեստի հարգելի՛ գործիչներ,
այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Պարի միջազգային օրը, որի առիթով էլ իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլորիդ:
Սա ևս մեկ առիթ է գնահատելու այն նվիրումը, որով կրթում և դաստիարակում եք սերունդներ՝ միշտ պատվով ներկայանալով ու ներկայացնելով հայկական պարարվեստը միջազգային բեմերում: Պարարվեստի հայ վարպետները մշտապես կարողացել են աշխարհին արժանապատվորեն ներկայացնել հայի տեսակն ու հույզերը, ազգի ինքնությունը, հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սերն ու նվիրումը: Եվ պատահական չէ, որ աշխարհի արվեստասեր հասարակությունը, սիրով ու կարոտով հիշելով հայկական պարի երախտավորներին, այսօր էլ ըստ արժանվույն գնահատում է նրանց թողած հարուստ ժառանգությունն ու հիանում պարարվեստի մերօրյա վարպետների կատարումներով ու ելույթներով:
Մեկ անգամ ևս կարևորելով հայկական պարարվեստի զարգացման, ձևավորված բարի ավանդույթների պահպանման ու շարունակման, սերնդե սերունդ փոխանցման գործում ձեր ավանդն ու նվիրումը՝ բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, անսպառ եռանդ և ավյուն՝ ստեղծագործական նորանոր հաջողությունների և բարձունքների նվաճման համար:



