Անհրաժեշտ են նոր ծրագրեր, նոր ուղղություններ ու մոտեցումներ, քանի որ Երևանը միայն կենտրոնը չէ. Տ. Մարգարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արաբկիր վարչական շրջանում, ինչի մասին գրում է ֆեյսբուքյան իր էջում.
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն այսօր ներկայացրեց 2017թ. կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, այնուհետև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը:
Հաշվի առնելով ծրագրերը, որոնք իրականացվել են Արաբկիրում նախորդ տարի, մոտեցումս հետևյալն է.
Երևանը դեռևս ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված չէ թե զբոսաշրջիկների, թե հենց քաղաքի բնակիչների համար։ Առաջիկա տարիներին պետք է իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն քաղաքային զբոսաշրջության զարգացմանը, հատկապես դրա ապակենտրոնացմանը. բացահայտենք Երևանն առաջինը մեր համաքաղաքացիների համար:
Անհրաժեշտ են նոր ծրագրեր, նոր ուղղություններ ու մոտեցումներ, քանի որ Երևանը միայն կենտրոնը չէ:
Այդ տեսանկյունից Արաբկիրն ունի բոլոր հնարավորությունները, և բարեկարգվող այգին, որն ունի նոր ենթակառուցվածքներ, նոր շունչ կտա քաղաքային զբոսաշրջությանը:
Հետևաբար, պահանջս է աշխատակազմից լինել էլ ավելի նախաձեռնող, ստեղծագործող, հանդես գալ նոր առաջարկներով՝ ի նպաստ մեր քաղաքացիների և քաղաքի:



