Մեղրիի բնակիչները դեմ են «Մեղրի–2» փոքր ՀԷԿ–ի կառուցմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ, հունվարի 23–ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մի քանի տասնյակ բնակիչներ փակել էին Մեղրի–Երևան միջպետական ճանապարհը: Նրանք փողոց էին դուրս եկել հերթական՝ «Մեղրի–2» փոքր ՀԷԿ–ի կառուցման դեմ, գրում է «Փաստ» օրաթերթը:
«Երևաններից գալիս են, իրանց գերշահույթների համար մեզ մեր միակ եկամուտից զրկում են: Սե՞նց են սահման պահում: Գետերը չորացել են, ամռանը մի կաթիլ ջուր չի լինում, որ մեր հողերը ջրենք: Գետ չեն թողել, սաղի վրա ՀԷԿ– են կառուցել, ամեն բան ոչնչացնում են իրենց փողի համար»,– «Փաստ»–ին դժգոհեցին Մեղրիի այգետերերը:
Մոտ 3 ժամ ճանապարհը փակելուց հետո նրանք համաձայնել են այն բացել, պայմանով, որ այսօր, ժամը 14:00–ին ՀէԿ–ի ներկայացուցիչների հետ հանդիպում է տեղի ունենալու:
«Մեղրի–2» փոքր ՀԷԿ–ը կառուցվում է Մեղրի գետի վրա: «ԳրինՓաուր»–ը Մեղրի գետի վրա արդեն իսկ շահագործում է «Մեղրի–1» ՓՀԷԿ–ը, ինչպես նաև բնապահպանական դրական փորձաքննություն է ստացել Մեղրիի վտակ Տաշտուն գետի վրա «Չքնաղ» ՓՀԷԿ–ի կառուցման համար:



