Շինանյութի Սերոժի որդին ու զարմիկը, որոնց նոյեմբերից Կիևում պատանդ էին պահում վնասվածքներ ունեն «Ժողովուրդ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Օրերս հայտնաբերվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիև քաղաքում առևանգված հայ երիտասարդները՝ գործարար Սերգեյ Մանուկյանի (Շինանյութի Սերոժ) որդին` Արման Մանուկյանն ու զարմիկը՝ Սամվելը:
Հիշեցնենք` դեռ 2017 թվականի նոյեմբերին նրանց անհայտ անձինք զենքի սպառնալիքով պատանդ էին վերցրել: Այս ամիսներին որևէ տեղեկություն չկար երիտասարդների մասին, և միայն օրերս նրանց ազատ են արձակել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տղաներին հայտնաբերել են վնասվածքներով: Մեզ հասած լուրերի համաձայն` Արման Մանուկյանը թեթև վնասվածք է ունեցել գլխի շրջանում, իսկ ահա Սամվելը մի քանի վնասվածք է ունեցել մարմնի այլ մասերում: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Երիտասարդները տեղափոխվել են Կիևի հիվանդանոցներց մեկը, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Թե ովքեր էին առևանգել նրանց, ինչ նպատակով և այլն, պարզ չէ: Կան տարբեր վարկածներ, որոնք առայժմ ո՛չ հերքվել են, ո՛չ հաստատվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:



