Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կանցկացնի միջազգային մեծ գիտաժողով` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100–ամյակին
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ ընթացիկ տարվա մարտի 21–23–ը Անթիլիասում կանցկացնի միջազգային մեծ գիտաժողով` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100–ամյակին:
Այս մասին «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
«Այն բավական մեծ գիտաժողով է լինելու: Հայաստանից մասնակցելու է 25 մասնագետ, նույնքան էլ` Սփյուռքից: Գիտաժողովը բաղկացած է լինելու 5–6 բաժիններից: Շոշափվելու են իրավաքաղաքական խնդիրներ, պահանջատիրության հարց, ժողովրդավարական գործընթացներ և այլն»,–ասաց Աշոտ Մելքոնյանը: Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100–ամյակի շրջանակում տարվա ընթացքում միջազգային գիտաժողովներ են սպասվում տարբեր այլ երկրներում` ԱՄՆ–ում, Կանադայում և այլն:
Հայաստանում ևս 100–ամյակի շրջանակում մայիսի 25–26–ը կանցկացվի միջազգային գիտաժողով: Մասնակիցներ կլինեն Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից և այլ երկրներից:



