Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի գումարի մի մասը կտրամադրվի հայաստանյան աստղագիտության զարգացմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի համար տրվող գումարի մի մասը կտրամադրվի հայաստանյան աստղագիտության զարգացմանը:
Դեկտեմբերի 20–ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
«Մենք առաջարկել էինք փոփոխություններ կատարել Վիկտոր Համբարձումյանի անվան աստղագիտության միջազգային մրցանակի շնորհման կարգում: Տրվել է համաձայնություն, և շուտով կլինի ՀՀ կառավարության համապատասխան որոշումը: Փոփոխություններով 100000 ԱՄՆ դոլար կտրամադրվի հայ աստղագիտության զարգացմանը»,– ասաց Միքայելյանը:
Այդ գումարից տրամադրվելու է ԵՊՀ ուսանողների կրթաթոշակների, պրոֆեսիոնալ աստղագետների միջազգային համագործակցության, գիտաժողովների աջակցությունների համար:
«Գումարը շատ ավելի արդյունավետ կծախսվի: Ողջ գումարը կտրամադրվի գիտական ծրագրերին: Իսկ աստղադիտարանի բյուջեի զգալի մասը հատկացվում է անհրաժեշտ ծախսերին, և քիչ գումար է մնում կարևոր գիտական ծրագրեր իրականացնելու համար»,– նշեց աստղադիտարանի տնօրենը:



