ՍԱՊԾ-ը նախատոնական և տոնական օրերին կապահովի ծառայությունների անընդհատությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 8-ը կաշխատի հատուկ ռեժիմով՝ նաև շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից՝ նշելով, որ որոշումը կայացվել է հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հանձնարարականը և հաշվի առնելով արտահանման/ներմուծման ծավալների հնարավոր աճը:
Տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման բեռների ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով՝ Ծառայության աշխատակազմի նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժիններում, մարզային և սահմանային հսկիչ բոլոր կետերում այդ ժամանակահատվածում կսահմանվի հերթապահություն:
Ծառայությունը տեղեկացնում է, որ սպասարկման կենտրոնը նույնպես կաշխատի հատուկ ռեժիմով՝ հնարավորինս արագ տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու նպատակով:



