Սարի թաղում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. Ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Սարի թաղ կոչվող բնակավայրում այսօր տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Էդգար Ջանոյանը:
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, շտապ օգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նշված տան բնակիչ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանին սպանել են։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են սուր կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ, պարզել են կատարվածի հանգամանքները։ Քրեական հետախույզները, սպանությունը կատարելու կասկածանքով, որոնողական աշխատանքներ են ձեռնարկել 27-ամյա Օնիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ բացատրական աշխատանքներ իրականացնելով նրա հարազատության շրջանում։
Արդյունքում՝ ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել որոնվող կասկածյալ, Երևանի բնակիչ Օնիկ Մ․-ն։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Դեպքի այլ հանգամանքները քննությամբ պարզվում են։



