Հերթական փլուզումը Ախթալայի հանքում. քարն ընկել է աշխատակցի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱխթալա քաղաքի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ում այսօր հերթական փլուզումն է տեղի ունեցել:
Ժամը 15:41-ին գործարանից ահազանգել են հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատ եւ հայտնել, որ ընկերության «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում, ինչի արդյունքում քարն ընկել է աշխատակցի վրա: Լեռնափրկարարները հանքախորշից ոտքի կոտրվածքով դուրս են բերել հորատող բանվոր՝ 1968 թ. ծնված Գ. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Մեզ հայտնի դարձավ, որ քարը պոկվել է առաստաղից, որը ոչ միայն անուշադրության, այլ նաեւ՝ անվտանգության կանոնների խախտման հետեւանք է: Տուժածին քարի տակից դուրս են բերել գործարանի մյուս աշխատակիցները:
Նկատենք, որ սա վերջին 2 ամսում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ում փլուզման երկրորդ դեպքն է: Հոկտեմբերի 23-ին ժամը 10-ի սահմաններում գործարանի փակ հանքում էր փլուզում տեղի ունեցել, ինչի արդյունքում հսկա քարն ընկել էր գործարանի աշխատակից, 1979թ. ծնված Վրեժ Սահակյանի վրա, որը գործարանում դարձյալ հորատող էր աշխատում:



