Բաքուն Նախիջեւանում գրոհիչ ավիացիա է կուտակել, քաղաքացիականների հավաքագրումն է փորձարկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 16-20-ին Ադրբեջանի բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացրել, որն իր տեսակով բացառիկ չէր: «Ռազմինֆո» տեղեկատվական կենտրոնի փորձագետ Հայկ Խաչիկյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ավելի խոշոր զորավարժություն էլ էր եղել, օրինակ, սեպտեմբեր ամսին, որից հետո էլ հրետանային վարժանքներ էին տեղի ունեցել: «Ընդհանուր առմամբ վերջին զորավարժությունն ադրբեջանական զորավարժությունների տրամաբանության մեջ մտնում էր, որեւէ բացառիկ բան չկար»,- ասաց Հայկ Խաչիկյանը՝ նշելով, որ զորավարժությունը հրամանատարաշտաբային բնույթի էր, վարժանքներին ներգրավվել էին Նախիջեւանի կայազորի ուժերը, Հայաստանին սահմանակից բանակային կորպուսների ստորաբաժանումները:
Հարցին՝ հերթակա՞ն զորավարժություն էր, Խաչիկյանը պատասխանեց. «Կարելի է ասել, որ հերթական զորավարժություն էր, իսկ բացառիկություն չլինելն էլ պայմանավորված է նրանով, որ պլանային զորավարժություն էր»:
Ռազմական փորձագետն անդրադառնալով զորավարժության ժամանակ կիրառված զինատեսականներին, ասաց, որ նոր զինտեխնիկա չի ցուցադրվել, սակայն այս զորավարժությանը հետաքրքրական էր նրանով, որ Ադրբեջանում սկսել են փորձարկել կոմունիկացիոն վերահսկման եւ ղեկավարման նոր համակարգ՝ շտաբների միջեւ համագործակցությունը բարելավելու նպատակով: «Սա էլ առաջին անգամ չէր ցուցադրվում, սակայն այս անգամ, թերեւս սա էլ օգտագործվեց»,- ասաց Հայկ Խաչիկյանը:
Հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել Նախիջեւանի հատվածում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ադրբեջանական զինուժը սկսել է խաղարկել զորակոչի համալրման աշխատանքները, այն էլ քաղաքացիականների հավաքագրմամբ: «Կոպիտ ասած, զինկոմիսարիատներին ներգրավել են վարժանքներում, ստուգում են զինկոմիսարիատների պատրաստվածությունը»:



