Հալեպում ռմբակոծության հետևանքով անցած շաբաթ 4 հայ է զոհվել. ՀՀ Սփյուռքի նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասի ռմբակոծման հետևանքով անցած շաբաթվա ընթացքում 4 հայ է զոհվել: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին:
«Ցավոք, վերջին շրջանում Սիրիայից ստացվող լուրերը մտահոգող են: Սիրիական բանակը տեղաշարժվում է, գրավում է որոշ գյուղեր և բնակավայրեր: Միևնույն ժամանակ քրդական շարժումն է ակտիվացել, իսկ ահաբեկիչները շարունակում են ռմբակոծել տարբեր բնակավայրեր: Վերջին շրջանում թիրախ է դարձել Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի ռմբակոծության հետևանքով անցած շաբաթվա ընթացքում 4 հայ է զոհվել»,- նշեց Հակոբյանը:
Նախարարը հայտնեց, որ զոհվածները մայր և որդի են, մի ծեր կին ու 14 տարեկան երեխա: «Այնուամենայնիվ, մեր շտապօգնության կառույցը, հոգևոր կառույցները, դիվանագիտական մարմինները շարունակում են ակտիվ աշխատել: Հայկական 15 դպրոց է շարունակում գործել: Գործում են եկեղեցիները, փորձ է արվում կազմակերպել համայնքային կյանքը»,- եզրափակեց նախարարը:



