Լոռիում ջրագծի վթարի պատճառով կաթվածահար է եղել երկաթուղու աշխատանքը. լուսանկարներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր` նոյեմբերի 7-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:48-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ Լոռու տեղամասից փրկարարական վարչություն են զանգահարել ու հայտնել, որ ժամը 06:00-ից Նովոսելցովոյի ջրատարի վթարի հետևանքով դադարեցվել է Վանաձոր քաղաքի և հարակից գյուղերի ջրամատակարարումը:

Վթարը տեղի է ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում, որի հետևանքով վնասվել է D-1000մմ մայր ջրատարից մոտ 2 գծ/մ. խողովակ, ինչպես նաև վնասվել է նոր կառուցվող ավտոմայրուղու կողային հատվածը՝ իր ջրահեռացման համակարգով և մոտ 140 գծ/մ. հողային զանգվածը սահել և լցվել է երկաթգծի վրա, որը տվյալ պահին փակ է:

Մինչ այս պահը երկաթգծի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ Լոռու տեղամասի աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ:

Դեպքի պահից մինչ հիմա գնացքների երթեւեկը վերականգնված չէ: «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ մինչ այս պահը ավելի քան 6 ապրանքատար գնացքներ չեն կարողանում շարունակել ճանապարհը:

Ջրի հոսքը մեծ վնասներ է հասցրել ոչ միայն երկաթուղուն, այլ նաեւ` նորոգված ճանապարհին:
Վթարավերականգնողական աշխատանքներին ներգրավված է ավելի քան 100 աշխատակից տարբեր կառույցներից:

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը armtimes.com-ի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց, որ ջրագծի վթարը ամբողջությամբ վերացված է, իսկ գնացքների երթեւեկը` վերականգնված:




