Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարարի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊաշտոնական այցով Իսրայելում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլկինի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախարար Էլկինը նշեց, որ լավ հիշողություններ է պահպանում Հայաստան իր բազմաթիվ այցելություններից և ուրախ է Երուսաղեմում ողջունել Էդվարդ Նաբանդյանին։
Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու փոխադարձ համակրանքը նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել միջպետական կապերի ամրապնդման համար:
Էդվարդ Նալբանդյանը և Զեև Էլկինը անդրադարձան Իսրայելում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը, Հայաստանում հրեական համայնքի գործունեությանը վերաբերող հարցերին»։



