Հայաստանում կարկտապաշտպան ցանցերի արտադրություն կսկսվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում կարկտապաշտպան ցանցերի ողջ համակարգի արտադրություն կսկսվի: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հարցին: «Կա ընկերություն, որը ներդրումներ է սկսել Հայաստանում կարկտապաշտպան ցանցի ողջ համակարգի արտադրություն սկսելու համար: Լինելու են նաև ընկերություններ, որոնք մատուցելու են այդ ցանցերի նախագծման և ներդրման աշխատանքները»,- նշեց նախարարը:
Իգնատի Առաքելյանը հավելեց, որ պետությունն աջակցելու է գյուղացիական տնտեսություններին, որոնք կարկտապաշտպան ցանց ձեռք բերելու ցանկություն կունենան: Նա նշեց, որ գյուղացիական տնտեսություններին 2 տոկոս տոկոսադրույքով և 7 տարի մարման ժամկետով վարկեր կտրամադրվեն՝ կարկտապաշտպան ցանց ձեռք բերելու համար:
Նախարարը նաև նկատեց, որ գյուղատնտեսության ոլորտում նախատեսված մի շարք ծրագրերի իրականացման արդյունքում 2018թ. գյուղատնտեսության ոլորտի աճ են կանխատեսում: 2017թ. ոլորտում աճի ցածր տեմպերը նախարարը պայմանավորեց տարվա ընթացքում արձանագրված ցրտահարության և երաշտի դեպքերով, ինչի հետևանքով եղել է բերքատվության նվազում, իսկ որոշ դեպքերում՝ բերքերի կորուստներ:



