Կայացավ ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված երրորդ վարույթով դատավարության առաջին նիստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին մեկնարկեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործից անջատված երրորդ վարույթով դատավարության անդրանիկ նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասով մեղադրյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը ,Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և Էդվարդ Գրիգորյանը:
Նիստի ընթացքում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, հետաքրքրվեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններից, ինչպես նաև վերացրեց որոշ ամբաստանյալների նկատմամբ դրված տեսակցությունների արգելքը:
Դատավոր Մակյանը նաև հատնեց, որ դատաքննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու համար անհրաժեշտ է նիստերն անցկացնել շաբաթական երկու՝ երկուշաբթի եւ չորեքշաբթի օրերին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին:



