ԱԺ-ում լրագրողների համար ժամանակակից տեխնիկայով հագեցած մեդիա կենտրոններ կստեղծվեն
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովում լրագրողների համար աշխատանքի ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն: Խորհրդարանում ՀՀ 2018թ. պետական բյուջեի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին:
«Մենք ծրագրում ենք լրագրողների համար ստեղծել երկու լրացուցիչ միջավայր: Այսինքն, Ազգային ժողովում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով և օդորակիչներով հագեցած, որտեղ կլինեն ինտերնետ, համակարգիչներ և նորմալ աշխատանքային պայմաններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաղաթելյանը:
Նա հավելեց, որ լրագրողներն ԱԺ-ում աշխատելու հնարավորություն կստանան ժամանակակից մեդիա միջավայրում: «Լրագրողը, ով հավատարմագրված է Ազգային ժողովում՝ անկախ նրանից, ունի այդտեղ հետաքրքրություն, թե ոչ, կարող է ներկա գտնվել, աշխատել, այնտեղից հետևել Ազգային ժողովի լիագումար նիստերին և հանձնաժողովի նիստերին»,- եզրափակեց Արա Սաղաթելյանը:



