Կատալոնիայի խորհրդարանը կցրվի. Իսպանիայի սենատը Մադրիդից անմիջական ղեկավարություն է սահմանել Կատալոնիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանը իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ ղեկավարություն իրականացնելուն Մադրիդից:
Ինչպես հայտնում է BBC-ն, այդ որոշմանը կողմ է քվեարկել 214 սենատորմ դեմ՝ 47, ևս մեկը ձեռնպահ է մնացել:
Այսպիսով, սենատորների որոշմամբ՝ գործարկվել է երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս կասեցնել տեղական կառավարության լիազորությունները երկրում կարգը վերականգնելու համար:
Նշվում է, որ սենատորների կայացրած որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 28-ին: Ինչպես ենթադրվում է, Կատալոնիայի կառավարությունը կհեռացվի, իսկ խորհրդարանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի ղեկավարությունն այսօր ավելի վաղ անկախության մասին հայտարարություն է կատարել:
Հաղորդվում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն աջակցել է Իսպանիայի կառավարությանը՝ նշելով, որ Կատալոնիան Իսպանիայի անբաժանելի մասն է կազմում:
Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը ևս հայտարարել է, որ ԵՄ-ն կհամագործակցի միայն Իսպանիայի հետ:






