Դմիտրի Մեդվեդև. «Հաղթահարված են ՀՀ ու ՌԴ միջև տնտեսական բարդությունները»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 24–ին Հայաստան ժամանած ՌԴ վարչապետին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Կարեն Կարապետյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո ժամանել ՀՀ կառավարություն:
Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական դժվարությունների գիծը հաղթահարված է, և ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 24–ին: Նա հույս հայտնեց, որ ներդրումային համագործակցության դեպքում ևս կգրանցվի լավ արդյունք:
«Հունվար–օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալն աճել է 30%–ով: Ամենակարևորն այն է, որ վերջին շրջանում մեր երկրները կարողացել են ձևավորել փոխգործակցության ճիշտ մոդել ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ մակարդակում, այն է ԵԱՏՄ շրջանակում»,– ասաց Դմիտրի Մեդվեդևը և հավելեց, որ գրանցած արդյունքները հենց ապացուցում են, որ երկու երկրները ճիշտ ուղու վրա են:



