ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մշակում է ինովացիոն ոլորտի ռազմավարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» նախագծի շրջանակում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ նախաձեռնել է Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի քարտեզագրման և ինովացիոն ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ծրագրի միջազգային փորձագետներ Դանիել Կոսնիտանին և Մայքլ Գուֆին:
Նախարարն ընդգծել է ինովացիոն ոլորտի արդիական ռազմավարության և դրա հիման վրա մշակված միջոցառումների կարևորությունը` Հայաստանի ամբողջ տնտեսության մրցունակության և դրան հասնելու ուղիները նախանշելու տեսակետից՝ նշելով, որ նանոտեխնոլոգիաները կարող են Հայաստանի տնտեսության զարգացման հիանալի խթան դառնալ:
Նախարար Սուրեն Կարայանի և նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի՝ նախագծի միջազգային և տեղական փորձագետների հետ հանդիպման ժամանակ համառոտ ներկայացվել են նախագծի իրականացման նպատակները, խնդիրները, Հայաստանում պետական և մասնավոր հատվածի, գիտական և տեխնոլոգիական հանրության և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքները:
Սուրեն Կարայանը հաջողություն է մաղթել մեկնարկած աշխատանքներին, որոնք կամփոփվեն 2017թ. վերջին` ինովացիոն ոլորտի ռազմավարության նախնական նախագծի տեսքով:



