Տհաճ միջադեպ արգենտինական տանգոյի երեկոյի ժամանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես տեղեկացնում է Past.am-ը Հայաստանի և Արգենտինայի դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակի շրջանակներում Կոնվերս Բանկը և Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը հոկտեմբերի 9–14–ը Երևանում անցկացնում են «Արգենտինական տանգոյի շաբաթ» խորագրով միջոցառումների շարք:
Նախագծի շրջանակներում հոկտեմբերի 12–ին, ժամը 19:00–ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ արգենտինական տանգոյի երեկո:
Երեկոյի ընթացքում հանդես եկած Պաբլո Մաինետտին, Ջորջ Մենդոզան և Չեչիլիա Մասեն այդպես էլ չիմացան, թե ինչ իրարանցում է ամֆիթատրոնում:
Մեծ թվով հանդիսականներ տոմսեր էին գնել ու փորձում էին նստել իրենց տեղերում: Սակայն բոլոր նրանց, ովքեր տոմսեր էին գնել ամֆիթատրոնի տեղերից, ուղղակի վռնդեցին:
Ի՞նչ իրավունք ունեն: Համերգասրահի աշխատակազմի ներկայացուցիչները բոլորին ստիպում էին իջնել ամֆիթատրոնից ու տեղավորվել ներքևում՝ պարտերում: Պատճառաբանում էին, թե ամֆիթատրոնում պետք է նստեն միայն նախարարությունների ներկայացուցիչները:
Այդ դեպքում թող չվաճառեին այդ տոմսերը:
Վերջում պարզվեց, որ ամֆիթատրոնի հարևանությամբ ֆուրշեթ են կազմակերպել, և նախարարությունների ներկայացուցիչները պիտի «քեֆ» անեին: Ի դեպ, նրանցից համարյա մարդ չէր էլ եկել:
Իսկ ամֆիթատրոնի տոմսեր գնած հանդիսականները վրդովված հեռացան համերգից:
Ո՞վ է իրավունք տվել վիրավորել մարդկանց նախարարությունների ինչ–որ դեմքերի հաճոյանալու համար:



