Հյուսիսկորեացի հաքերները Սեուլից գողացել են ԿԺԴՀ-ի դեմ «պատերազմի ծրագիրը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսկորեացի հաքերները Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը պատկանող մի շարք գաղտնի փաստաթղթեր են գողացել, որոնց թվում՝ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի ոչնչացման ծրագիրը:
Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով հարավկորեացի պատգամավոր Լի Չհոլ Հիին: Նշվում է, որ հաքերները հասանելիություն են ձեռք բերել փաստաթղթերին, որոնցում պարունակվում են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից մշակված գործողությունների տարբերակները ռազմական բնույթի արտակարգ իրավիճակների պարագայում:
Ինչպես հաղորդվում է, կիբերհանցագործներին հաջողվել է կոտրել նաև պաշտպանության համակարգն ու պարզել Հարավային Կորեայի ռազմական կառույցների և էլեկտրակայանների տեղակայման վայրն ու յուրահատկությունները:
Ընդհանուր առմամբ, 235 գիգաբայթ ծավալով ռազմական փաստաթղթեր են գողացվել: Հաքերային հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերին:



