Իրաքյան Քրդստանը պատրաստ է բանակցել Բաղդադի հետ առանց նախապայմանների. Բարզանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ իրենք պատրաստ են Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ բանակցությունների գնալ՝ առանց նախապայմանների, այս մասին նա հայտնել է Բաղդադում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, գրում է gazeteduvar.com.tr կայքը:
Բարզանին իր պատրաստակամությունն է հայտնել Բաղդադի հետ բանակցելու և առկա խնդիրները խաղաղությամբ լուծելու:
Իր հերթին Գերմանիայի դեսպան Կիրիլ Նունը շեշտել է, որ իրենք կարևորություն են տալիս Բաղդադի ու Էրբիլի միջև ճգնաժամի՝ բացառապես բանակցային ճանապարհով լուծման տարբերակին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:



