Թուրքիայի ընդդիմությունը վիզային ճգնաժամն անվանել է թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմական ճեղքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը ԱՄՆ կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների անժամկետ չեղարկումն անվանել է թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմական ճեղքում և դրանում մեղադրել Թուրքիայի իշխանություններին՝ անհեռատես քաղաքականություն վարելու համար:
Ինչպես փոխանցում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, Ալթայը շեշտել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է անհապաղ հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության ճանապարհներ փնտրեն ու թույլ չտան, որ իրավիճակն ազդի Թուրքիայի արտաքին քաղաքական համբավի վրա:
Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակի մեղավորը իշխանությունների՝ ներքին քաղաքական խնդիրները արտաքին քաղաքականության հետ խառնելու անհեռատես սովորությունն է:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։
ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում անցած շաբաթ՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման պատասխանատու համարվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով:



