Հայ բժիշկները մասնակցում են ռազմադաշտային վիրաբուժության դասընթացին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴիլիջանում հոկտեմբերի 2–ին մեկնարկեց եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժությանը, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում՝ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։
Դասընթացը վարում են ռազմադաշտային վիրաբուժության բազմամյա փորձ ունեցող ԿԽՄԿ–ի վիրաբույժներ պարոն Անդրեաս Վլադիսը և տիկին Օսա Մոլդին։ Սեմինարի նպատակն է փոխանցել ԿԽՄԿ–ի փորձը տեղական մասնագետներին, ովքեր, աշխատելով Ղարաբաղյան հակամարտության տարածքում, պետք է տրամադրեն բուժօգնություն հրազենային վիրավորում ստացած մարդկանց՝ հաճախ տեխնիկական միջոցների սղության պայմաններում։
Դասընթացին մասնակցում է քաղաքացիական և ռազմական ոլորտի 21 վիրաբույժ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Սեմինարի ընթացքում նրանք ձեռք կբերեն հավելյալ գիտելիքներ բարդ վնասվածքների և հրազենային վերքերի բուժման, վարակների կառավարման և անզգայացման վերաբերյալ։ Մասնակիցները նաև կներկայացնեն և կքննարկեն դեպքեր սեփական պրակտիկայից։
Ռազմադաշտային վիրաբուժության դասընթացը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Անցյալ տարի նմանատիպ եռօրյա սեմինարին մասնակցեց 80 հայ վիրաբույժ:



