Հիմա սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէ, հիմա պետք է վերակառուցել երկիրը. Հայաստանի հրեական համայնքի ղեկավար
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Քաղաքական ուժերն արդեն սկսել են նախապատրաստվել դրան: Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում նոր Սահմանադրության մասին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, քանի որ նրանք նույնպես ՀՀ քաղաքացիներ են:
Հարցի շուրջ Past.am-ը զրուցել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի հետ: Տիկին Վարժապետյանն ասաց, որ համայնքի ներկայացուցիչները կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը:
Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի հրեական համայնքը քաղաքական կազմակերպություն չէ, նրանք թեմայի շուրջ հանրային քննարկումներ չեն արել, այնուամենայնիվ, յուրաքանչյուրն իր համար կանի եզրահանգում և կքվեարկի: Հրեական համայնքի ղեկավարը շեշտեց, որ ընտրությունը գաղտնի է, իսկ ինքն իրավունք չունի բացահայտել մարդկանց գաղտնիքները:
Հարցի առնչությամբ սեփական դիրքորոշման վերաբերյալ Ռիմա Վարժապետյանն ասաց. «Հիմա դրանով զբաղվելու ժամանակը չէ, հիմա պետք է վերակառուցել երկիրը և լրջագույն բարեփոխումներ անել»:
Լևոն Փանոսյան




















































