Իրաքում մեկնարկել է քրդերի Անկախության հանրաքվեի քարոզարշավը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքյան Քուրդիստանում մեկնարկել է Անկախության հանրաքվեի քարոզարշավը՝ հաղորդում է Kurdistan.ru–ն: Հիշեցնենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25–ին, իսկ արդեն խորհրդարանական ընտրությունները կկազմակերպվեն նոյեմբերի 6–ին: Նշվում է, որ Իրաքյան Քուրդիստանում ընտրելու իրավունք ունի շուրջ 5 մլն ընտրող, իսկ երկրի տարածքում կգործի շուրջ 46000 ընտրատեղամաս: Հիշեցնենք նաև, որ Իրաքի տարածքային ամբողջականության օգտին են արտահայտվել Իրանը, Թուրքիան, Ֆրանսիան, չեզոք դիրք է գրավել ՌԴ–ն, իսկ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մասուդ Բարզանիին ուղղված հաղորդագրության մեջ պահանջել էր հետաձգել հանրաքվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարի կարևոր նշանակությունը: Դրան ի պատասխան Բարզանիի գրասենյակից հայտարարել են, որ հանրաքվեի օրը կմնա անփոփոխ: Վերջինս նաև հայտարարել է, թե հանրաքվեն միակ եղանակն է՝ իրաքյան քրդերի ձայնը խաղաղ կերպով աշխարհին հասցնելու համար:



