Մյանման ականապատում է Բանգլադեշի հետ սահմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄյանմայի իշխանություններն ականապատում են Բանգլադեշի հետ սահմանը, հավանաբար, սպանդից փախած ռոհինջա մուսուլման փախստականների վերադարձը խափանելու համար՝ հաղորդում է Reuters գործակալությունը, հղում անելով Բանգլադեշի կառավարական աղբյուրներին: «Օգոստոսի 25–ից ավելի քան 125 հազար ռոհինջա փախստականներ են հատել Բանգլադեշի սահմանը, և նրանց 80%–ը կանայք ու երեխաներ են: Բայց ավելի շատ են նրանք, որոնք աջակցության կարիք ունեն Մյանմայի Ռաքհայն նահանգի հյուսիսում»,–խնդրո առարկայի վերաբերյալ հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ–ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը՝ հավելելով, թե Բանգլադեշ հասածներին իրենք ապահովում են մաքուր ջրով, սննդամթերքով և հիգիենայի պարագաներով: Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նույնպես խոր անհանգստություն է հայտնել այս կապակցությամբ՝ Մյանմայի իշխանություններին կոչ անելով քաղաքացիություն կամ իրավական այլ կարգավիճակ տրամադրել ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչներին:



