Մեքսիկան չի վճարի ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար. Մեքսիկայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի արտգործնախարարությունը պատասխանել է ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած հայտարարությանը, որ Մեքսիկայի իշխանությունները վճարելու են երկու երկրների սահմանին պատի կառուցման համար, գրում է gazeta.ru-ն:
«Ինչպես միշտ ընդգծել է Մեքսիկայի կառավարությունը, մեր երկիրը ոչ մի դեպքում չի վճարելու ԱՄՆ-ի հետ սահմանի երկայնքով պատի կամ ֆիզիկական արգելապատնեշի կառուցման համար: Այդ դիրքորոշումը բանակցային ռազմավարության մաս չէ, այլ ինքնիշխանության և արժանապատվության հարց»,- ասված է պաշտոնական պատասխանի տեքստում:
Նախարարությունում նաև նշել են, որ ԱՄՆ-ում թմրանյութերի վաճառքի խնդիրն «ընդհանուր» է, և կոչ արել պայքարել դրա պատճառների դեմ:
ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում հիշեցրել էր պատի կառուցման անհրաժեշտության մասին և ընդգծել, որ Մեքսիկան կվճարի դրա կառուցման համար միջոցների փոխհատուցման միջոցով կամ որևէ այլ ճանապարհով:



