Անի Սամսոնյանը՝ «Ելք» դաշինքի կուսակցությունների առանձնանալու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՄամուլում այսօր հրապարակվել էր տեղեկություն, թե «Ելք» դաշինքի կուսակցություններն առանձնանում են միմյանցից: Նրանք փակել են Տերյան փողոցում գտնվող «Ելք» դաշինքի գրասենյակը և առանձին գրասենյակներ վարձել։
Երևանի ավագանու «Ելք» խմբակցություն անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը, մեկնաբանելով կուսակցության գրասենյակի տեղափոխության հարցը, Past.am-ին ասաց.
«Դա «Ելք» դաշինքի գրասենյակը չի եղել, դա նախընտրական շտաբ էր, որը համապետական և տեղական ընտրությունների աշխատանքների հետ էր կապված: Նախատեսված էր, որ այն կփակվի ընտրություններից հետո»:
Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շուտով բացելու է քաղաքական դպրոց: Մեր հարցին՝ նոր նախաձեռնությանը կմասնակցե՞ն «Ելք» դաշինքի մյուս ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետութուն» կուսակցությունները, Ա. Սամսոնյանը պատասխանեց, որ դա կախված է ցանկությունից:
«Դպրոց բացելու ծրագիր մենք ունեցել ենք, երբ դեռ չէր ձևավորվել «Ելք» դաշինքը: Նախընտրական ժամանակահատվածում հետաձգեցինք այդ ծրագիրը: Մեր գործընկերները կարող են մասնակցել, եթե ունեն ցանկություն»,-հավելեց Անի Սամսոնյանը:
Լևոն Փանոսյան



