Ամերիկացին, որի սրտի մեջ մեխ էր խրվել, ինքնուրույն հասել է հիվանդանոց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴուգ Բերգսոն անունով տղամարդը վերոնորոգման աշխատանքներով էր զբաղված Փեշթիգո քաղաքում գտնվող իր նոր տանը։ Նա մեխ գամող ատրճանակը ձեռքից գցել է, ատրճանակը կրակել է ու մեխը Բերգսոնի սրտի մեջ է մտել, հայտնում է RTVI-ն։
Տուժածի խոսքով՝ ինքն առանձնապես շատ ցավ չի զգացել, ու նույնիսկ ոչ միանգամից է հասկացել, թե ինչ է տեղի ունեցել։ Նա միայն այն ժամանակ է վախեցել, երբ տեսել է, որ կրծքից ութ սանտիմետրանոց մեխ է ցցված, որը շարժվում է սրտի յուրաքանչյուր բաբախյունի հետ։ Բերգսոնը նստել է մեքենա ու կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց, որը տնից 20 կմ հեռավորության վրա էր գտնվում։ Այնտեղից նա նույնիսկ հասցրել է կնոջը գրել ու ասել, որ իրեն նոր վերնաշապիկ է պետք։
Արտահերթ վիրահատությունը հաջող է անցել, բայց վերականգնման համար մի քանի շաբաթ է պահանջվել։ Բերգսոնի սրտի վրա սպի է մնացել, բայց բժիշկներն ասում են, որ նրա բախտը բերել է։ Մեխը շատ մոտ էր խոշոր զարկերակին, բայց բարեբախտաբար չի դիպչել դրան։



