Սեպտեմբերյան ծախսերը եւ խնդրի բարոյական կողմը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր հրավիրված ասուլիսին «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ սեպտեմբերի 1-ին ոմանք դպրոց կգնան թանկարժեք հագուստով, պայուսակներով ու գրենական պիտույքներով, մյուսները` նրանով, ինչին կբավարարի ծնողի գումարը: «Դրանով իսկ սեպտեմբերի 1-ն առավել ակնհայտ կդարձնի հասարակության սոցիալական բևեռացումն ու կազդի երեխաների հոգեբանության վրա։
Երեխաները մեզանից ավելի սուր աչք ունեն, նրանք տեսնում են պայուսակի ֆիրման, մատիտների կոմպլեկտի ճոխությունը, կոշիկների, հագուստի տարբերությունները»,- ասում է Պողոսյանն ու առաջարկում` եթե տնտեսապես հնարավոր չէ լուծել հասարակության սոցիալական բևեռացման խնդիրը, ապա պետք է գոնե բարոյապես ստեղծել այնպիսի միջավայր, որը չազդի երեխաների հոգեբանության վրա։
ՀԿ նախագահի հաշվարկներով` դպրոցական հագուստի և պարագաների ամենահամեստ հավաքածուն գնելու համար անհրաժեշտ է 40-50 հազար դրամ։ Ի դեպ, անցյալ տարվա համեմատ մանկական հագուստի գինը Հայաստանում աճել է 7%-ով, գրենական պիտույքների գներն առայժմ չեն փոխվել։ Բայց բանախոսը չի բացառում, որ մինչև սեպտեմբերի 1-ը գները կբարձրանան։



