Թուրքիան որևէ թշնամանք չի տածում Գերմանիայի հանդեպ. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան որևէ թշնամանք չի տածում Գերմանիայի հանդեպ, և հույս ունի, որ թուրք-գերմանական հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:
Անդրադառնալով այսօր Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից Գերմանիային ուղղված բողոքի նոտային՝ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր մեղադրյալներից Ադիլ Օքսյուզի՝ Գերմանիայում գտնվելու մասին լուրեր իրենք պարբերաբար ստացել են և այժմ ցանկանում են դա ստուգել պետական մակարդակով: Չավուշօղլուն շեշտել է, որ եթե Օքսյուզն իսկապես Գերմանիայում է՝ իրենք պահանջում են նրա արտահանձնումը:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:



