Գեղարքունիքում հուլիս ամսին գրանցվել է հրդեհի 21 դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում հուլիս ամսին գրանցվել է հրդեհի 21 դեպք, որոնց մեծ մասը բռնկվել է խոտածածկ տարածքներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, հուլիս ամսին բնակարանային հրդեհներ են գրանցվել Սեւան եւ Մարտունի քաղաքներում, Սոթք, Գանձակ գյուղերում: Անտառային տարածքի հրդեհման 1 դեպք գրանցվել Զոլաքար-Արծվանիստ գյուղերի տարածքում գտնվող անտառային գոտում: Մնացած դեպքերում հրդեհները բռնկվել են խոտածածկ տարածքներում:
«Խոտհարքերի կամ արտերի հնձից հետո շատերը այրում են իրենց տարածքները՝ մոլախոտերի դեմ պայքարելու նպատակով, ինչի հետեւանքով էլ հրդեհը տարածվում է նաեւ դաշտերում: Հրդեհի տարածմանն էլ նպաստում է չոր եղանակը: Բարեբախտաբար, անտառային տարածքներն առայժմ հաջողվում է զերծ պահել հրդեհներից:Ժամանակին արձագանքել ենք բոլոր կանչերին, հնարավորության սահմաններում կանխել հրդեհների տարածումը, կազմակերպել դրանց մարումը»,-ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը: Օգոստոսի առաջին 8 օրերին Գեղարքունիքում գրանցվել է խոտածածկ տարածքների հրդեհման 2, բնակարանի հրդեհման 1 դեպք:



