Հայրենասիրությունը չի սահմանափակվում միայն ժամկետային զինծառայության երկու տարիներով. Վիգեն Սարգսյան (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օգոստոսի 5-ին հանդիպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից Հանքավանի մերձակայքում Հայաստանի եւ Արցախի ավելի քան 200 ուսանողների ու երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված «Միասնության ուժը 2017» ուսանողական-երիտասարդական հավաքի մասնակիցներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է պաշտպանության նախարարությունից։
Ողջունելով ճամբարի մասնակիցներին`պաշտպանության նախարարը կարեւորել է նման հավաքների նշանակությունը եւ հորդորել ազատ ժամանակն օգտագործել հայրենաճանաչողության ու լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու համար:
Շեշտելով, որ հայրենասիրությունը չի սահմանափակվում միայն ժամկետային զինվորական ծառայության երկու տարիներով կամ փորձության պահին վճռական քայլն անելու պատրաստակամությամբ՝ Վիգեն Սարգսյանը հավելել է, որ այն նախ եւ առաջ մեր ձգտումն է՝ բարեփոխելու, շենացնելու եւ հզորացնելու Հայաստանը։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմնադրույթները, անդրադարձել զինվորական ծառայության նոր պայմաններ առաջարկող «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերին, ինչպես նաեւ պատասխանել է սահմանամերձ համայնքների խնդիրներին եւ ռազմաբժշկական ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցերին։
.jpg)



