Արևմտյան երկրները հետաքրքրված են Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներդրումների իրականացմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո արևմտյան երկրները հետաքրքրված են Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներդրումներ իրականացնելու հնարավորությամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Գարեգին Մելքոնյանը: «Այս կոնտեքստում Հայաստանը փորձում է դրական միջավայր ստեղծել, որպեսզի ընկերությունները, տեղակայվելով այստեղ, աշխատեն Իրանի հետ: Որպեսզի ներդրողները ազատ տնտեսական գոտում աշխատեն, այն պետք է ֆիզիկապես լինի, ունենա սահմանազատված տարածք, մաքսային ռեժիմի ապահովման համար անհրաժեշտ պայմաններ: Այս որոշմամբ ստեղծվեց «Մեղրի տնտեսական գոտի ՓԲԸ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:
Մելքոնյանն ասաց, որ ՓԲԸ-ում եռամսյա ժամկետում համապատասխան աշխատանքներ կիրականացվեն, որոնք ուղղված են լինելու գործադիր մարմնի ձևավորմանը, գրանցմանը:
«Ավելի ուշ կներկայացվի նաև զարգացման ծրագիրը: Փուլային առումով կիրականացվեն տարածքի հետ կապված աշխատանքները, և հետագայում արդեն, երբ գոտին ամբողջությամբ ձևավորված կլինի, կտրամադրվի համապատասխան արտոնություն»,- ընդգծեց փոխնախարարը:



