Կրակոցներ Վանաձորի «Վենեսիա» սրճարանում. ոստիկանները վնասազերծել են 46-ամյա սամբիստին. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել:
shamshyan.com –ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն սրճարան են ժամանել Լոռու մարզի ոստիկանության, ինչպես նաև՝ Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների օպերատիվ խմբերը և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Լոռու մարզի պահպանության բաժնի ծառայողները: Ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակողին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների հեղինակը Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 46-ամյա Վահրամ Ալթունյանն է, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանների կողմից «Սամբիստ Վահրամի» ձեռքից խլված AKM տիպի ինքնաձիգը առգրավվել է, և քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային: Քննիչի որոշմամբ՝Վ. Ալթունյանը ձերբակալվել է:



