Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկում է երկարաձգել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության ժամկետները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը 2017թ. որսաշրջանի բացման վերաբերյալ առաջարկում է լորի, աղավնիների, կեռնեխների համար որսաշրջանի բացման ժամկետները երկարաձգել մինչև օգոստոսի 26-ը, քանի որ ընթացիկ տարվա ուշացած և տեղումնառատ գարունը հանգեցրել է ոչ միայն նշված թռչնատեսակների, այլև մի շարք այլ տեսակների բազմաթիվ ձվադրումների ոչնչացման /ձվերի մահվան/, ուստի մեծ քանակությամբ թռչուններ կրկին սկսել են ձվադրել ավելի ուշ: Հետաձգելով որսաշրջանի բացումը մեկ շաբաթյա ժամանակահատվածով` հնարավորություն կտրվի նշված թռչնատեսակների ձագերին ինքնուրույն կյանք սկսել: Վաղ որսի դեպքում, երբ երիտասարդ թռչունները դեռ ունակ չեն ինքնուրույն կյանքի, հնարավոր է խաթարել հանրապետությունում այս թռչնատեսակների բնադրող պոպուլյացիաների թիվը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կտցարների, արտույտների (դաշտային, տափաստանային) և սարյակի սովորական որսը նպատակահարմար է սկսել սեպտեմբերի 2-ից, երբ հանրապետության տարածքով կսկսեն անցնել նշված տեսակների չվող խմբերը:



