Շիրակի մարզում հրատապ խնդիրների լուծման ծրագրում ընդգրկված է 35 օբյեկտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարզերի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում այս տարի ՀՀ պետական բյուջեից Շիրակի մարզպետարանին քաղաքաշինական տարբեր աշխատանքների իրականացման համար հատկացվել է շուրջ 470 մլն դրամ: Այդ գումարի շրջանակներում ծրագիր է իրականացվում 35 օբյեկտում: «Դրանցից 34 օբյեկտում իրականացվում են շինարարական և 1-ում՝ նախագծանախահաշվային փաթեթի կազմման աշխատանքներ: 24-ում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ 10-ում ավարտված են: Աշխատանքների վերջնաժամկետ հայտարարված է 2018 թվականի հոկտեմբերի 1-ը»,-այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ վստահեցնելով, որ բոլոր օբյեկտները ժամանակին շահագործման կհանձնվեն:
Սրանք տարբեր օբյեկտներ են՝ մարզային նշանակության կամ համայնքային ճանապարհներ, մշակութային կառույցներ, դպրոցների պատուհաների փոխարինումներ, վերանորոգումներ, բուժհաստատությունների վերանորոգում, Գեղանիստ գյուղում գազիֆիկացման ներքին ցանցի ընդլայնում և այլն: «Տարբեր կառույցներ են, որոնք հրատապ համարվելով ընդգրկվեցին ծրագիր: Աշխատանքները բավարար մակարդակով ընթանում են»,-ավելացրեց Ալբերտ Մարգարյանը:
Արմենուհի Մխոյան



