Եգիպտոսում հայ և այլ ազգերի ներկայացուցիչ զբոսաշրջիկների վրա հարձակում իրականացնողը հարցաքննվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի ոստիկանությունը շաբաթ հարցաքննել է նախօրեին Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափում զբոսաշրջիկների վրա հարձակում իրականացրած տղամարդուն: 
Ինչպես հաղորդում է Agence  France Presse-ը, կարմիրծովյան լողափում հարձակում իրականացնողը խոստովանել է, որ կիսում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարախոսությունը: Նշվում է, որ ԻՊ-ը դեռևս որևէ կերպ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: 
Ոստիկանական աղբյուրի հաղորդմամբ` կասկածյալը 28-ամյա երիտասարդ է մայրաքաղաք Կահիրեից հյուսիս ընկած Կաֆր ալ-Շեյխ նահանգից:  
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Հուրգադայի Sunny Days El Palacio հյուրանոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով 2 գերմանուհի է զոհվել, ևս 4 մարդ վիրավորվել էր, որոնց թվում` երկու ՀՀ քաղաքացի: 
Այսօր հայտնի է դարձել, որ նրանցից մեկը գտնվում է տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, մյուսը պատրաստվում է դուրս գրվել:
			
			
			
			
			
				
			
			
			


