ԱՄՆ-ն ԻՊ-ի պարագլխի սպանության մասին որևէ ապացույց չունի. Պենտագոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ չի կարող հաստատել` արդյոք «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվել է, թե ոչ: 
«Եթե մենք իմանայինք այդ մասին, կասեինք, ներկա պահին ես չեմ կարող հաստատել կամ հերքել դա», - Մեթիսին մեջբերում է Agence France Presse-ը: 
Նրա խոսքով` իրենք համարում են, որ Բաղդադին ողջ է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել: 
Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից այս շաբաթ ավելի վաղ հայտնել էին, որ Բաղդադի սպանության մասին լուրեր են ստացել Սիրիայի Դեյր Էլ Զոր նահանգում հաստատված ԻՊ-ի ղեկավարներից: 
ԻՊ-ի պարագլխի սպանության հաստատման կամ հերքման մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի արվել իսլամիստական լրատվամիջոցների կողմից: 
Հիշեցնենք, որ ալ-Բաղդադիի հնարավոր սպանության մասին մայիսին իրականացված ավիահարվածից հետո հաղորդել էր Ռուսաստանը:
			
			
			
			
			
				
			
			
			


