Հայտնի է Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքով զոհված 4-րդ հայի անունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի է Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքով զոհված 4-րդ հայի անունը: Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով զոհված 4-րդ հայը Նանա Թիլիշվիլի-Եղիազարովան է:
Ավելի վաղ Թբիլիսիում ՀՀ դեսպանատնից հայտնել էին, որ Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղի հետեւանքով զոհվածների մեջ երեք հայ կա: Զոհվածները երեք քույրեր են՝ Լիանա, ժանա եւ Սվետլանա Եղիազարովաները, նրանք ազգությամբ հայ են, բայց Վրաստանի քաղաքացի: Նրանցից մեկը 65 տարեկան է, մեկը՝ 67, մյուսը՝ 48:
Ինչ վերաբերում է անհետ կորածների մեջ հայերի լինելուն, մեզ փոխանցեցին, որ անհետ կորածների ցուղակը դեռ չկա:
Նշենք, որ ջրհեղեղը Թբիլիսիում տեղի է ունեցել կիրակի գիշերը, աննախադեպ տեղատարափից հետո։ Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, 16 անհետ կորած, ավելի քան 30 հոգի վիրավորվել: Տարերքը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Հեղեղվել էր նաեւ գազանանոցը, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում՝ ջրհեղեղի ժամանակ, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները:
Թբիլիսիի կենտրոնական շրջաններում շարունակվում է փախած կենդանիների որոնումը, շրջում են ուղղաթիռներ, բնակիչներին կոչ են արել դուրս չգալ փողոց։



