Արդարացում եմ պահանջելու. Արարատ Խանդոյանի պաշտպանը վերաքննիչ բողոք կներկայացնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանի պաշտպանը վերաքննիչ բողոք կներկայացնի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
«Դատարանի որոշումն այսօր եմ ստացել և պատրաստվում եմ դիմել Վերաքննիչ դատարան և իմ պաշտպանյալի համար արդարացում եմ պահանջելու: Վերաքննիչ դատարանի հիմքում լինելու է այն փաստը, որ իմ պաշտպանյալի գործողություններում հանցակազմ չկա»,-ասաց պաշտպանը:
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը ոչ թե մեղադրյալ պետք է լիներ, այլ տուժող:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և ճանաչվեց մեղավոր և դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:



