Օդեսայում սկսվել են Sea Breeze ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕդեսայում սկսվել են Sea Breeze-2017 ուկրաինա-ամերիկյան ռազմա-ծովային զորավարժությունները: Հուլիսի 10-ին այս մասին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 30 նավեր, ինչպես նաեւ գործի կդրվեն երկու տասնյակից ավելի թռչող ապարատներ: Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղակատվությամբ՝ ընդամենը զորավարժություններին կմասնակցի ավելի քան 3 հազար մարդ աշխարհի 16 երկրներից, այդ թվում զորամասեր Բելգիայից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Վրաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Լիտվայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Թուրքիայից եւ Շվեդիայից:
Միջազգային զորավարժություններին մասնակցելու համար ավելի վաղ Օդեսայի օդանավակայան են ժամանել ՆԱՏՕ-ի հատուկ ստորաբաժանումներ: Բացի դրանից, Sea Breeze-ին մասնակցելու համար հուլիսի 8-ին Սեւ ծով Է մտել ամերիկյան USS Carney (DDG 64) Էսկադրային ականակիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



