Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով մեղադրվող 23 զինվորականի են արդարացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի գործով Ստամբուլում կայացած առաջին դատավարության շրջանակներում առնվազն 23 զինծառայող է արդարացվել:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով թուրքական աղբյուրը, զինվորականներին մեղադրանք էր առաջադրվել Ստամբուլի նահանգապետի գրասենյակը գրավելու մեջ:
Մինչդեռ նրանց հրամանատարը` Թուրքիայի Զինուժի սպա Յուսուֆ Յըլդըզը, ցմահ ազատազրկման է դատապարտվել նույն գործով: Նրան մեղադրել են երկրի սահմանադրական կարգը տապալելու փորձի և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը հարելու մեջ: Ինքը` սպան, իր մեղքը չի ընդունել:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 15-ին Անկարայում և Ստամբուլում մի խումբ թուրք զինվորականներ պետական հեղաշրջման փորձ էին նախաձեռնել, որի ընթացքում նախատեսվում էր պատանդ վերցնել նախագահ Էրդողանին: Այդ ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով 246 մարդ էր զոհվել` չհաշված հեղաշրջման փորձ անողներին:



