Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Յանուկովիչին քրեական հանցագործ է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետական դավաճանության մասին գործով Վիկտոր Յանուկովիչի դեմ դատավարությունը կշարունակվի, չնայած նա հրաժարվել է փաստաբաններից։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, փոխանցում է «112 Ուկրաինան»։
«Նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի արարքն ինձ համար անսպասելի չէր։ Ես միշտ վստահեցրել եմ, որ նա վախկոտ է, միշտ իմացել եմ, որ վաղ թե ուշ նա կվախենա ու կփախչի, քանի որ քրեական հանցագործի կյանքը, ինչպիսին է ըստ էության Յանուկովիչը հավերժ փախուստ է պատասխանատվությունից»,- ասել է նա։
Լուցենկոն հավելել է, որ կարծում էր, թե Յանուկովիչը գոնե կփորձի ներկայացնել այն 200 ականատեսներին կամ այն նյութերը, որոնք սպառնում էր ներկայացնել՝ իրեն պաշտպանելու նպատակով։
«Երկրում ցանկացած անձի պետական պաշտպան են տրամադրում։ Հենց այդ ընթացակարգին է այսօր դիմել դատարանը, ինչի կապակցությամբ ես նրան շնորհավորում եմ։ Դատավարությունը կշարունակվի։ Ես վստահ եմ, որ օրենքն ու արդարությունը ոչինչ չի կանգնեցնի՝ ոչ Յանուկովիչի փախուստը, ոչ վախկոտությունը, ոչ էլ պետական հեղաշրջման մասին նրա բարբաջանքը»- ասել է գլխավոր դատախազը։



